Միջազգային բակալավրիատ (IB)Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որը կազմավորվել է 1968 թ.: Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 141 երկրի 3315 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է: Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական եռաստիճան ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ): Այս համակարգի կազմում գտնվող դպրոցներին ներկայացվում են շատ խիստ պահանջներ ինչպես կրթության կազմակերպման, այնպես էլ բովանդակային հարցերում: Բոլոր աստիճաններում կիրառվող կենտրոնացված վերահսկողությունը, հետևողականությունը, մշտապես կատարվող բարեփոխումները, ուսումնական ծրագրերի մշտական վերանայումները, համակարգի բոլոր օղակներում աշխատող մասնագետների պարբերական պարտադիր վերապատրաստումները ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները, որ համակարգում սովորող աշակերտները գերազանց ու խոր գիտելիքներ ստանան: Հենց դրա շնորհիվ է, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն (11-12-րդ դասարաններ) ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ընդունելի է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու մեծ հնարավորություններ: Բոլոր այդ համալսարանները միանշանակորեն ընդունում են, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտները ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ: «Դիպլոման» 2 տարվա համար նախատեսված ծրագիր է, որը բաղկացած է 4 բաժնից: Այն ավարտվում է երկրորդ տարվա վերջում՝ մայիս ամսին Միջազգային բակալավրիատի կողմից իրականացվող քննություններով: Ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Դրան հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Ամեն բան արվում է աշակերտի աշխարհայացքի ձևավորման, մտահորիզոնի ընդլայնման, վերլուծական մտածողության ձևավորման ու զարգացման համար: «Դիպլոման» ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները կարողանան համագործակցել խմբային աշխատանքի ժամանակ, ոչ միայն կարծիք հայտնեն, այլև կարողանան լսել ուրիշների ասածը, խմբի կարծիքը ներկայացնեն ու հիմնավորեն: Թե՜ անհատական, թե՜ խմբային աշխատանքի ընթացքում ուսուցիչը ունի միայն ուղղորդող դեր: Այսինքն` ծրագիրը աշակերտակենտրոն է: Դասերի ժամանակ մեծ կարևորություն է տրվում միջառարկայական կապերին: Տրված թեմաները դիտարկվում են տարբեր հարթություններում, տարբեր տեսանկյուններից, տարբեր գիտությունների ուսումնասիրության դիտակետից: Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ են, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում աշխարհի առաջատար համալսարաններում: What is IB? | What is IB DP? | Application Pack | The Learner Profile | General Regulations: DP | Professional Development | FAQ |
|