Վարժարանի պատմությունը
1989թ. - Հիմնադրվել է «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվը: Բացվել է բուհ ընդունվողների համար նախապատրաստական խմբակներ: 1992թ. - Մարտի 6-ին վարժարանը ստացել է ՀՀ լուսավորության նախարարության հ.001 արտոնագիրը: 1993թ. - Վարժարանում բացվել է 8-րդ դասարան: 1994թ. - ՀՀ կառավարության որոշմամբ վարժարանի շրջանավարտները ստացել են հարցազրույցով բուհերի ֆիզմաթ ֆակուլտետներ ընդունվելու իրավունք: 1995թ. - Վարժարանում բացվել է 7-րդ դասարան: Վարժարանում բացվել է առաջին համակարգչային դասարանը: «Քվանտ» է այցելել կրթության և գիտության նախարար Աշոտ Բլեյանը: 1996թ. - «Քվանտում» բացվել է 6-րդ դասարան 1997թ. - Վարժարանում սկսել են կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված դասավանդման մեթոդներ: Վարժարանում բացվել է 5-րդ դասարան: Ստեղծվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն: 1998թ. - Քաղաքային օլիմպիադայում հաղթելու համար վարժարանին շնորհվել է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակը»: Կրթության և գիտության նախարար Ա.Պետրոսյանը այցելել է վարժարան և որպես օլիմպիական շարժման առաջատարի` վարժարանին նվիրել անձնական գրադարանից գրքեր: Վարժարանի սան Տիգրան Կտիկյանը առաջին անգամ քիմիայի մենդելեևյան միջազգային օլիմպիադայից տուն է վերադառնում հաղթողի դիպլոմով: Սամվել Պողոսյանը Պորտուգալիայում մասնակցել է ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային: 1999թ. - Տիգրան Կտիկյանը երկրորդ անգամ արժանացել է մենդելևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վարժարանի սան Սուրեն Սամարչյանը մասնակցել է մաթեմատիկայի 40-րդ միջազգային օլիմպիադային: Վարժարանի 9-րդ դասարանի սաները ամառային արձակուրդների ժամանակ ռազմագիտության դասեր են անցնում ԵՊՀ-ի Դիլիջանի ուսանողական ճամբարում: 2000թ. - «Քվանտ»-ի սան Արեգ Մելիքսեթյանը մասնակցել է մաթեմատիկայի, իսկ Արեգ Բեկետովսկին` ինֆորմատիկայի դպրոցականների համաշխարհային օլիմպիադային; Վարժարանում բացվել է երկրորդ համակարգչային դասարանը` ինտերնետ կապով: 2001թ. - «Քվանտ»-ի սան Մկրտիչ Սողոմոնյանը ճանաչվել է 2000-2001 ուս-տարվա դպրոցականների հանրապետական օլիմպիադաների բացարձակ հաղթող և արժանացել ԿԳՆ հատուկ մրցանակի: Դպրոցականների հանրապետական օլիպիադաներում բացառիկ արդյունքներ ցույց տալու համար «Քվանտում» վարժարանը արժանացել է ԿԳՆ հատուկ դիպլոմի: Հանրապետական օլիմպիադայում լավագույն արդյունք ցույց տալու համար «Քվանտում» վարժարանն արժանանացել է ՀՀ վարչապետի պատվոգրի, իսկ նրա սան Մկրտիչ Սողոմոնյանը հատուկ մրցանակի: Վարժարանի սան Սարգիս Հայցոյանն արժանանացել է մենդելեևյան միջազգային օլիմպիադայի հաղթողի դիպլոմի: Վահագն Եղիկյանը, Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը փայլուն հաղթանակ են տարել աստղագիտության 6-րդ միջազգային օլիպիադայում: Վարժարանի ուսուցիչները և սաները տոնել են «Քվանտում» վարժարանի «Ուղեծիր» ճամբարի բացումը: 2002թ. - Վարժարան են այցելել ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, պրոռեկտոր, ակադեմիկոս Է. Չուբարյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ Յ.Վարդանյանը և Ս. Հարությունյանը: Քաղաքային օլիմպիադայում հինգերորդ անգամ անընդմեջ հաղթելու համար վարժարանն արժանանում է Երևանի քաղաքապետարանի «Մեծ մրցանակի»: Վարժարան է այցելել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Քվանտ»-ի 10 -ամյա հոբելյանի կապակցությամբ վարժարան են այցելել ԿԳՆ պատասախանատու աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նոր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարներ: Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար և վարժարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռ.Վարդանյանը արժանացել է ԵՊՀ բարձրագույն պարգևի ` ոսկե մեդալի: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ հավանության է արժանացրել վարժարանում մշակած հանրակրթական դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և ինֆորմատիկայի դասավանդման «Արագած» ծրագիրը: Սերգեյ Շահվերդյանը ճանաչվել է հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող: 2003թ. - Աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են 20 աշակերտներ: Նրանցից 10–ը «Քվանտ»-ի սաներն են, ովքեր շահել են նախատեսված 11 մրցանակներից 5-ը: ԱՄՆ -ում կայացած ինֆորմատիկայի 15-րդ միջազգային օլիմպիադայից «Քվանտ»-ի սաներ Վահե Մուսոյանը և Սարգիս Գևորգյանը վերադարձան III կարգի (բրոնզ) մրցանակներով: Ստոկհոլմում անցկացված աստղագիտության 8-րդ միջազգային օլիմպիադայում մեր սաներ Ժիրայր Ավետիսյանը և Մկրտիչ Սողոմոնյանը վաստակեցին ոսկե մեդալներ (I կարգ ), իսկ Արտավազդ Մինասյանը` բրոնզե մեդալ: Ձեռք բերված մեդալների քանակությամբ Հայաստանը և Հնդկաստանը առաջատարներն էին մյուս երկրների համեմատությամբ: 2004թ. - «Քվանտ»-ի աշակերտները մասնակցում են աստղագիտության, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի միջազգային օլիմպիադաների` արդյունքում վաստակելով 6 մեդալ: Արմեն Օսկանյանի և Սերգեյ Ներսիսյանի ղեկավարած օլիմպիական թիմը Ղրիմում մասնակցում է աստղագիտության միջազգային օլիմպիադային: «Քվանտում» սան Տիգրան Նազարյանը արժանանում է ոսկե մեդալի, իսկ Արտակ Պեպոյանը` բրոնզե մեդալի: 2005թ. - «Քվանտ»-ի սան Վահե Մուսոյանը մասնակցելով ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադային արժանանում է ոսկե մեդալի: «Քվանտ»-ի տնօրեն Ռ.Վարդանյանը արժանանում է ԵՊՀ բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի` Կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար: Նույն թվականի օգոստոսին վարժարանը հյուրընկալում է ՌԴ Կեմերովո մարզի Յուրգա քաղաքի «Ռուսիանոչկա» պարային խմբին` երկու ուսուցիչների հետ միասին: «Քվանտ»-ի ճամբարը հյուրընկալում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Պավլովին: 2006թ. - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ «Քվանտ»-ի ամառային ճամբարում կազմակերպվում է ինֆորմատիկայի ամառային դպրոց-2006, որին մասնակցում են տարբեր երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Լիբանան) և Արցախից ժամանած աշակերտներ: Ծրագրի նպատակն է խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական բնագավառում: «Քվանտ» է այցելում ԿԳ նախարար Ս.Երիցյանը վարժարանի ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: «Քվանտ» նշում է իր հիմնադրման 15-ամյակը: ՀՀ նախագահի 12.09.2006թ. հրամանագրով Ռ. Վարդանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Վարժարանի շախմատի թիմը ճանաչվում է տարածքային շախմատի օլիմպիական հաղթող: «Քվանտ»-ի սան Դավիթ Եպիսկոպոսյանը քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադայում արժանանում է ոսկե մեդալի:
2007թ. - Կառավարական կանադական CESO ծրագրի շրջանականերում վարժարան է այցելում կազմակերպության կամավոր խորհրդատու Ֆրեդ Սփեքենը. արդյունքում մշակվում է «Քվանտ»-ի ներքին կառավարումը ճիշտ կազմակերպելու նախագիծ: Մարտին «Քվանտ» է այցելում IBO (The International Baccalaureate Organization)կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Նելիդա Անտունա Բարագնոն: Ծանոթանալով վարժարանի կրթական փորձի հետ ` նա առաջարկում է վարժարանը ընդգրկել իրենց կրթական ծրագրում: Ապրիլին վարժարան են այցելում Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի «Ռինման» քոլեջի ֆիզիկայի ուսուցչուհի Գայանե Գասպարյանը և կենսաբանության ուսուցչուհի Օլի Գրահեդը: Կնքվում է համագործակցության պայմանագիր երկու կողմերի միջև կրթական ծրագրերի և մասնագիտական կադրերի փոխանակման վերաբերյալ: «Քվանտ»-ի սան Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում, իսկ Արշավիր Ղահրամանյանը` քիմիայի միջազգային օլիմպիադայում արժանանում են բրոնզե մեդալների:
2008թ. - Վարժարանի աշակերտները գրավում են նորանոր բարձունքներ միջազգային օլիմպիադաներում: Հայկ Սարիբեկյանը աստղագիտության միջազգային օլիմպիադայում ստանում է բրոնզե մեդալ: 15-ամյա Հայկը մինչև 30 տարեկան ծրագրավորողների համահայկական 5-րդ մրցույթում ճանաչվում է բացարձակ հաղթող: Սան Մարտուն Կարապետյանը ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանանում է բրոնզե մեդալի: Վարժարան են այցելում CESO կանադական ծրագրի կամավոր խորհրդատուներ Ֆրեդ Սփեքենը և Ջուան Սփեքենը: Ֆ.Սփեքենը նախապատրաստում է վարժարանի ներգրավումը IB (The International Baccalaureate) համակարգում, իսկ Ջ. Սփեքենը մշակում է վարժարանի սանիտարահիգենիկ վիճակը, կարգապահությունը բարելավվելու ծրագիր: Նոյեմբերին կայանում է վարժարանը ներկայացնող ուսուցիչների և աշակերտների այցը Շվեդիա` «Ռինման» քոլեջ, արդյունքում վավերացնելով երկկողմանի այցելությունների պայմանգիրը:
2009թ. - Հայկ Սարիբեկյանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայից , Գալստյան Հայկը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից արժանանում են բրոնզե մեդալների: Չինաստանում անցկացված աստղագիտության օլիմպիադայից Հայկը Տեփանյանը վերադառնում է ոսկե մեդալով (ընդ որում Հայաստանը և Հնդկաստանը վաստակեցին երկուական ոսկե մեդալներ` առաջ անցնելով անգամ Ռուսաստանի և այլ երկրների ներկայացուցիչներից): ՀՀ ԿԳ նախարարության պատվերով և Համաշխարհային Բանկի վարկային ծրագրի շրջանակում վարժարանը մշակում և ՀՀ դպրոցներին է բաժանում Հայաստանում առաջին էլեկտրոնային ձեռնարկները` անգլերեն և ռուսերեն առարկաների 6-9 դասարանների համար: Վարժարան է այցելում CESO կազմակերպության կամավոր խորհրդատու Բարբարա Օլդը: Նոյեմբերին վարժարանը մասնակցում է ԷՔՍՊՈ ցուցահանդեսին և արժանանում հատուկ մրցանակի: Վարժարան է այցելում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
|
|